Սա տեղավորվում է Ադրբեջանի որոշակի ռազմավարության մեջ՝ կապված Սյունիքի նկատմամբ ունեցած հավակնությունների հետ։ Armenia Today-ի հետ զրույցում, անդրադառնալով այս պահին Սյունիքում առկա իրավիճակին ու երեկ գրանցված միջադեպին՝ նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։
Նա շեշտեց, որ սա նաև տեղավորովում է նաև վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Մեղրիի միջանցքի հետ կապված ինտենսիվ հայտարարությունների համատեքստում։ Այս առումով ռազմական փորձագետն ընդգծեց հայկական կողմի հանդեպ ինչ-որ կոնկրետ խնդիրներ լուծելու Ադրբեջանի նպատակի մասին։
«Սա կարելի է դիտել թե՛ Հայաստանի, թե՛ ինչ-որ տեղ նաև Ռուսաստանի վրա ճնշման տրամաբանության մեջ, քանի որ ՌԴ-ն, դե ֆակտո, այս պահին կարևոր դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապաովման տեսակետից։ Մեծ հաշվով, սա ճնշման միջոց է։ Բացի այդ, իրենք այդ միջանցքը դիտարկում են որպես մեխանիզմ՝ Սյունիքի ուղղությամբ իրենց ազդեցությունը մեծացնելու համար»,-ասաց նա։
Դավիթ Հարությունովը նշեց, որ ստեղծվածն այն վիճակի անմիջական հետևանքն է, որը կապված է Հայաստանի ռազմական անվտանգության հետ, այն իրավիճակի, որում հայտնվել է այդ անվտանգությունը․ «Այսինքն, այն վիճակը, որում գտնվում է բանակը, որովհետև պարզ է՝ եթե ադրբեջանական կողմը միջադեպեր առաջացնելու հնարավորություն չունենար, չէր անի։ Հասկանալի է, որ իրենք օգտվում են հայկական կողմի թուլությունից։ Եվ, իհարկե, շարունակում է խնդիր մնալ ինքնապաշտպանության հարցը»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտությանը, նա ընդգծեց, որ դեռ գործ ունենք լոկալ միջադեպի հետ։
«ՀԱՊԿ-ի երկրները, բնականաբար, Ադրբեջանի հետ ուղիղ կոնֆլիկտի չեն ձգտում։ Այսինքն, էլի նույն խնդիրն է, որը կար նաև պատերազմի ժամանակ, երբ էլի լոկալ գործողություններ էին արվում ՀՀ տարածքի դեմ ու էլի կար վտանգ, որ հայկական կողմը կարող է ակտիվացնել բոլոր այդ մեխանիզմները ու չստանալ ակնկալվող արդյունքը։ Այդ պատճառով թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա փորձ է արվում լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով։ Միևնույն ժամանակ՝ այս պահին առկա մեսիջներից հասկանալի է դառնում, որ ՌԴ-ն ներգրաված է բանակցությունների մեջ։ Մեծ հաշվով, այս պահին, բացի ՌԴ-ից, գործնականում չկա մի երկիր, որը պատրաստ է Հայաստանի համար ռազմական հակամարտության մեջ մտնել»,-ասաց Դ․ Հարությունովը։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Իսկ ուշ երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Այսօր ևս՝ Կառավարության նիստից հետո, տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ՝ Սյունիքում առկա վիճակը քննարկելու համար։