«Սկսվել է մարտական ռոբոտների սերիական արտադրությունը: Արդեն առկա են ոչ թե փորձարարական նմուշներ, այլ ռոբոտներ, որոնց կարելի է ցուցադրել գիտաֆանտաստիկ ֆիլմերում, երբ նրանք ի վիճակի են ինքնուրույն կռվել»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. փոխանցում է tjournal.ru-ն:
Նա հավելել է, որ «ինքը չի կարող շրջանցել այն, ինչը կոչվում է վաղվա զենք»: «Այստեղ նույնպես մեծ աշխատանք է տարվում», – ասել է ՊՆ ղեկավարը, սակայն չի հստակեցրել, թե ինչ զենքի մասին է խոսքը:
Ապրիլին Շոյգուն ասել էր, որ ռուսական բանակը ռազմական նշանակության ռոբոտային համակարգերով հագեցնելը գերատեսչության գերակա ուղղություններից է: Միաժամանակ նա ասել էր, որ երկրում նոր ռոբոտներ ստեղծելու ուղղությամբ հետազոտական աշխատանքներ են ընթանում, փորձարկումներ են իրականացվում:
2017-ին Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել էր, որ ռուսական «Ֆեդոր» տիեզերական ռոբոտը սովորել է երկու ձեռքով կրակել: