Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«ԳՇ պետը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ:
Հանրապետության նախագահն առաջնային է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ նախագահի, պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:
Նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է արժանանան միջազգային գործընկերների և միջազգային հանրության խիստ արձագանքին՝ նախագահն ասել է, որ շարունակելու է բարձրացնել հարցը միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։