ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթում շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ քննարկման լայն օրակարգ ունեն։
Նա նշեց, որ դեռևս անցած տարի նախատեսված էր Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ այն չեղարկվեց։ Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին հրավիրեց ընթացիկ տարվա աշնանն այցելել Հայաստան
Ինչպես նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, հայ ժողովուրդը մշտապես զգացել է ֆրանսիացի ժողովրդի և մասնավորապես Էմանուել Մակրոնի աջակցությունը, քանի որ նա մշտապես խոսել է ճշմարտության անունից և նրա ձայնը լսելի է եղել աշխարհի կողմից։ Այդ ձայնը շարոունակում է լսվել նաև այսօր։
Փաշինյանը կարևորեց Ֆրանիսայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությունը ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ։
«Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո համանախագահներն արդեն 3 հայտարարություն են արել, որոնք ըստ էության արձանագրում են իրենց պատրաստակամությունը՝ ներգրավվելու ԼՂ-ի հարցի կարգավորման շուրջ»,- ասաց Փաշինյանը։
Ապա շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի մարդասիրական օգնության համար՝ ընդգծելով նաև տնտեսական ներգրավվածությունը։ Նա նշեց, որ Հայաստանում կան տնտեսական ու էներգետիկ ենթակառուցվածքների ծրագրեր, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը չափազանց կարևոր է ՀՀ-ի համար։
Վարչապետի ելույթից չսպրդեց նաև մշակութային ժառանգության պահպանման համար տարված ակտիվ քաղաքականությունը՝ հատկապես ԼՂ-ում։