ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով երկպալատ հանձնաժողովի ղեկավարները դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա հունիսի 14-ին կայանալիք հանդիպման ժամանակ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները «կդադարի աջակցություն ցուցաբերել անվտանգության գծով և տնտեսական պատժամիջոցներ կկիրառեն, եթե ադրբեջանական զորքերը չլքեն Հայաստանի տարածքը և Ադրբեջանը ազատ չարձակի բոլոր հայ գերիներին»: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Ինչպես հունիսի 11-ի իրենց նամակում հայտարարել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դևիդ Վալադաոն և Ադամ Շիֆը, «նախորդ ամբողջ փորձը վկայում է այն մասին, որ Էրդողանն ու Ալիևը չեն դադարեցնի իրենց ապակառուցողական գործողություններն ու միջազգային իրավունքի ոտնահարումն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները կոնկրետ քայլեր չի ձեռնարկել նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: