Վերջին շրջանում խիստ ակտիվացել են Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական կապերը։
«Մի կողմ թողնելով սակայն դրանց վերլուծությունը, որը կփորձեմ ներկայացնել ավելի պատեհ առիթով տարածաշրջանային համատեքստում, կուզենայի ձեր ուշադրությունը սևեռել Բաքվում Ադրբեջանի և Պակիստանի ռազմաօդային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև հանդիպման ընթացքում պակիստանյան ավիացիայի փոխմարշալ Թարիղ Զիային հանձնված հուշանվերի վրա»,- այս մասին հայտնել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Դրանում պատկերված է, այսպես կոչված Ադրբեջանի քարտեզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլևս չունի», իսկ Նախիջևանը հայ-իրանական սահմանային ողջ գծով մեկ միացված է «մայրցամաքային Ադրբեջանին»։
Հուշանվերն, ի դեպ «պսակված է» Բաքվի բռնապետի «Ղարաբաղն Ադրբեջա՜ն է» տխրահռչակ զառանցանքով։
Որքանով այս քարտեզը կամ զառանցանքը կդառնան իրականություն, կախված է միայն մեզնից, ուստի պայքարը հանուն Հայաստանի և Արցախի շարունակվում է,նշել է իրանագետը։