Մեր դիրքերում մենք հետքայլի տեղ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։
Նրա համոզմամբ՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից և հայկական կողմը որևէ ջանք ու եռանդ չի խնայելու այն ապահովելու համար։
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ռուսական կողմի հետ կա քննարկում։
«Սահմանապահների տեղակայումը կարող է իրականանալ այն պահին, երբ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ կլքեն ՀՀ սուվերեն տարածքը»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ավելի վաղ հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում Ռուսաստանի սահմանապահ զորքերի տեղակայման շուրջ բանակցությունները շարունակվում են, դեռ վերջնական որոշում չկա:
Նա նշել էր, որ բանակցությունները կավարտվեն հաջող:
«Մեր նպատակն է ստիպել Ադրբեջանին, որ անհրաժեշտության դեպքում, ռուսական կողմի հետ համագործակցելով, առանց բախումների դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից»,- հավելել էր Արտակ Դավթյանը: