Խորհրդարանական վերջին ընտրություններում ՀՀ մի շարք համայնքային ղեկավարներ ընդգրկվել էին ընդդիմադիր դաշինքների ու կուսակցությունների նախընտրական ցուցակներում։ Ընտրարշավի ընթացքում և հետընտրական շրջանում գործող իշխանությունների կողմից վերջիններիս վերաբերյալ կոշտ հայտարարություններ հնչեցին։ Այդ հայտարարությունների քաղաքական և իրավական ասպեկտների վերաբերյալ Armenia Today-ը մեկնաբանություն է խնդրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանից։
ՏԻՄ մարմինների վրա գործադիր իշխանության կողմից նման ճնշումներն ուղիղ հարձակում են ժողովրդավարական արժեքների վրա
«Ըստ մեր Սահմանադրության, ՏԻՄ օրենսդրության և տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի՝ տեղական ինքնակառավարումը պետական իշխանության համակարգի մաս չի կազմում և ՏԻՄ մարմինները գործում են ինքնուրույն, օրենքի շրջանակներում և իրենց գործունեության համար հաշվետու են բացառապես համայնքի բնակիչներին։ Այսինքն՝ նրանք ընտրովի հանրային իշխանության մարմիններ են, որոնք կոչված են լուծելու տեղական նշանակության խնդիրները և հաշվետու են բացառապես համայնքի բնակչների առջև, հետևաբար ՏԻՄ մարմինների նկատմամբ կենտրոնական իշխանությունների՝ առավել ևս գործադիր իշխանության կողմից նման ճնշումներն ապօրինություն են և ուղիղ հարձակում են ժողովրդավարական արժեքների վրա, որովհետև տեղական ինքնակառավարումը ոչ միայն հանրային իշխանության մարմինների, այլև ժողովրդավարական ինստիտուտների համակարգ է»,-նշեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ տեղական ինքնակառավարման ազատության աստիճանով է գնահատվում պետության ժողովրդավարության և ազատությունների աստիճանը։
«Նման կոպիտ, ապօրինի վարչական լծակներով, իրավապահ մարմինների գործիքակազմի գործադրմամբ ներխուժումը տեղական ինքնակառավարման ոլորտ՝ ապօրինի և անթույլատրելի վարքագիծ է բոլոր առումներով»,-ընդգծեց փորձագետը։
Գործող իշխանությունները ՏԻՄ-երը ինստիտուցիոնալ առումով կազմաքանդելու ռազմավարություն են որդեգրել
«Այս իշխանությունները տեղական իշխանությունը ինստիտուտցիոնալ առումով կազմաքանդելու ռազմավարություն են որդեգրել»,-նշեց Ղազարյանն՝ անդրադառնալով հարցին, թե ներկա ճնշումները կմնան զուտ հայտարարություննե՞ր, թե՞ կլինեն նաև կոնկրետ գործողություններ։
«Հիշենք, որ դեռ 2018 թ.-ին իշխանափոխությունից հետո առաջին թիրախում հայտնվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և առաջին ընտրությունը առհասարակ իշխանափոխությունից հետո եղավ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը։ Այսինքն՝ նրանք ստիպեցին, որպեսզի ՏԻՄ մարմինները, ինչպիսին է Երևանը, որ Հայաստանի ամենամեծ համայնքն է, ենթարկվեն կենտրոնական իշխանության քաղաքական կամքին։ Այնուհետև, այդ գործընթացը շարունակվեց հետագայում մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ՝ ճնշումներ եղան հրաժարականների հարցով»,-նշեց փորձագետը։
Ղազարյանը հայտնեց, որ կարանտինով և ռազմական դրությամբ պայմանավորված արդեն 1 տարուց ավելի է Հայաստանում չեն կազմակերպվում որևէ տեղական ընտրություններ. «Վարչապետը և մարզպետները նշանակում են համայնքի ղեկավարներ և պաշտոնակատարներ․ լրացել է համայնքի ղեկավարների և պաշտոնակատարների ժամկետները, չեն կազմակերպվում նոր ընտրություններ։ Իջևան քաղաքը երկու տարուց ավելի է չունի համայնքի ընտրված ղեկավար»։
Ըստ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի՝ հետընտրական շրջանում նոր գրոհներ, նոր սպառնալիքներ են հնչում տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչների նկատմամբ։ «Բոլոր այն համայնքի ղեկավարները, որոնք որ պատերազմից և կապիտուլացիոն հայտարարությունից հետո համարձակվել էին պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրանցից գրեթե բոլորի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ։ Այսինքն՝ իշխանությունների դիրքորոշումից տարբերվող կարծիքների դեպքում անմիջապես իրավապահ համակարգը գործի է դրվում»,- նշեց Ղազարյանը։
Ըստ Ղազարյանի՝ այս ամենը ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլև ժողովրդավարության կարևոր սկզբունքների խախտում է։ «Հիմա փորձ է արվում այս ընդհանուր դիկտատուրայի մեջ ՏԻՄ-ը ոչնչացնել, դրանք դարձնել պետական իշխանության համակարգի մի մասը, որպես տեղական «իշխանիկներ», տեղերում ունենալ կամակատարներ, որոնք կծառայեն ոչ թե համայնքի բնակիչներին, այլ կենտրոնական իշխանությունների շահերին»,-եզրափակեց Ղազարյանը։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ պատժվելու են տեղական մի շարք պաշտոնյաներ։
Հիշեցնենք նաև, որ արտահերթ խոհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկից գրեթե անմիջապես հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտահերթ ընտրությունների արդյունքները համայնքների որոշ ղեկավարների՝ մասնավորապես տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված ղեկավարների համար պետք է ազդանշան դառնան լիազորությունները շարունակելու կամ դադարեցնելու համար»:
Հայկ Անտոնյան