ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով մեկնարկում է գյուղական բնակավայրերի դպրոցների և մանկապարտեզների ջրագծերի բարեկարգման համաֆինանսավորման մոդել ՝ ուղղված ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերի գյուղական բնակավայրերի դպրոցների և մանկապարտեզների սպասարկման կենսապայմանների բարելավմանը:
Ծրագրի նպատակն է՝ գյուղական բնակավայրերում գործող դպրոցների, մանկապարտեզների ջրագծերի համակարգերի բարեկարգման միջոցով նպաստել դպրոցների, մանկապարտեզների նվազագույն կենսական կարիքների բավարարմանը:
ՄԱԶԾ ԿՀ-ն կհամաֆինանսավորի 80/20 չափաբաժնով, որտեղ նախագծային արժեքի 80% ներդրումն կիրականացնի ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը կամ համայնքի համաձայնությամբ` երրորդ կողմը (դպրոց, մանկապարտեզ կամ այլ):
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Նախագծի շահառու կարող են հանդիսանալ միայն Կոտայք, Արարատ, Արագածոտն եւ Արմավիր մարզերի գյուղական բնակավայրերի դպրոցները և կամ մանկապարտեզները:
Ծրագրին կարող են դիմել համայնքները, գյուղական բնակավայրերը և համայնքի զարգացմամբ հետաքրքրված երրորդ կողմը (մասնավոր ընկերություններ, անհատներ), որոնք հաջորդիվ պետք է ներկայացնեն համայնքի ղեկավարի գրավոր հաստատումը ծրագրի շրջանակներում անհրաժեշտ աջակցության և շահագործման ծախսերի ֆինանսավորման հնարավորության վերաբերյալ: