«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների արդյունքում իր ստեղծման օրվանից հետո առաջին անգամ խորհրդարանում ներկայացված չի լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ընտրություններից հետո տարբեր վարկածներ էին շրջանառվում կուսակցության ապագայի հետ կապված:
Օրերս կուսակցության ակտիվի հետ հանդիպմանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր. «2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթաց է, սակայն առանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցության:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ քննարկումների ժամանակ ՔՊ-ականները ներկայացնում են իրենց հավակնությունները, որը ներկայացվում է խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին:
Եվ այսպես, քանի որ Մակունցը գնալու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, խմբակցության ղեկավարի պաշտոնի համար հավակնություններ են հայտնել պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Արփի Դավոյանը, չնայած վերջինիս թեկնածությանը խմբակցությունում այնքան էլ կողմ չեն: Դավոյանին դիտարկել են անգամ որպես ԱԺ կին փոխնախագահի թեկնածու:
Մյուս թեժ պայքարը ԱԺ նախագահի պաշտոնի համար է, հավակնորդներն էլ՝ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը եւ Սուրեն Պապիկյանը, ու, կարծես թե, ավելի հակված են այն մտքին, որ կրկին Արարատ Միրզոյանը կլինի խորհրդարանի խոսնակը:
ԱԺ փոխնախագահ կարող է դառնալ նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ում թեկնածությունը արտաքին գործերի նախարարի կամ փոխնախարարի այնքան էլ չի ընկալվել, եւ որոշում է կայացվել բավարարվել ԱԺ փոխնախագահի աթոռը նրան տալով: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ղեկավարել Վլադիմիր Վարդանյանը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Նիկոլ Փաշինյանը ժամեր անց պատրաստվում է նշանակել ԱԱԾ պետ:
Ըստ մեր աղբյուրի` Նիկոլ Փաշինյանը նաեւ ունի իր ոստիկանապետի նախընտրելի թեկնածուն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը որոշել է վերադառնալ ակունքներին։ Նա ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել և առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։ ԲՀԿ-ից հեռացած նախկին պատգամավորը մտադիր է լսարանին ներկայանալ իր նախկին կերպարով՝ որպես լրագրող, հիմա՝ նաև որպես խմբագիր։ Նա կարծում է, որ դաշտը հագեցած չէ, և կարելի է կրեատիվ ֆորմատ ստեղծել՝ նոր հոլդինգում կլինի թե՛ առցանց հեռուստատեսություն, թե՛ լրատվական կայք, հիմնականում կաշխատեն ուղիղ եթերների ձևաչափով։ Զոհրաբյանն այժմ խմբագրության տարածքի փնտրտուքի մեջ է։
Նա մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ նման հետաքրքիր գաղափար կա, հիմա քննարկումների փուլում են, քննարկում են ձևը, ասելիքը, մատուցման եղանակը, որպեսզի այն չդառնա շարքային լրատվամիջոց։ Միայն չասաց, թե որտեղից է ֆինանսավորվելու այս հոլդինգը, որը գոնե առաջին շրջանում դժվար թե կարողանա ինքնուրույնաբար իր ծախսերը ծածկել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են։ Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից ԱԳ նախարարությունը նախարար ու փխնախարարներ չունի:
Այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։ Բանն այն է, որ վերջինս ընդունված է ռուսական շրջանակների կողմից եւ ունի որոշակի փորձ եւ այդ պատճառով էլ ամենահավանական թեկնածուն է համարվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Մհեր Գրիգորյանից պարզել, թե արդյոք նման պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ։
Վերջինս նշեց, թե իրեն նշանակելու մասին որեւէ տեղեկություն չունի»: