Ադրբեջանն ապացույցներ է հավաքել և փորձաքննություն է անցկացրել Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման գործով։ Այս գործով հետաքննությունը շարունակվում է:
Այս մասին РИА Новости -ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ռազմական Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել։ Կատարվել են համապատասխան փորձաքննություններ, հավաքվել են նյութական ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են անհրաժեշտ այլ դատավարական գործողություններ», – հայտարարել են մամուլի ծառայությունից։
«Ներկայումս հետաքննությունը շարունակվում է։ Փորձաքննությունների արդյունքներին համապատասխան կապահովվի օրինական որոշման ընդունումը», – ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ 2020թ.նոյեմբերի 9-ի երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի օդային տարածքում ռուսական մարտական ուղղաթիռ էր խոցվել, ինչի հետևանքով երկու ռուս օդաչու էր զոհվել: Ուղղաթիռն ընկել էր Երասխավան գյուղից ոչ հեռու գտնվող ձորը: ՌԴ պաշտպանության նախարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։
Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն խնդրել և ՌԴ-ին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել։