Եռակողմ աշխատանքային խմբի վերջին աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել ապրիլին: Աշխատանքային ենթախմբերի վերջին հանդիպումները տեղի են ունեցել մարտ և մայիս ամիսների ընթացքում: Այս մասին Armenia Today-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Միևնույն ժամանակ գրասենյակից տեղեկացրել են, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների վերսկսման կոնկրետ ամսաթիվ այս պահին որոշված չէ:
«Աշխատանքների դադարեցման պահին տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ուսումնասիրվում էին միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական և ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Նույն համատեքստում գնահատվում էր նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի ազդեցությունը և տնտեսական ու լոգիստիկ էֆեկտները»,- մանրամասնել են փոխվարչապետի գրասենյակից։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից գլխավորում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 11–ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում նշված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը: