«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն. այս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ գործիքակազմին տեր են լինելու:
«Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, մեր կանխատեսումները եղել եմ մի քիչ այլ, քանի որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին նկարագրում։ Ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավական մեծ կեղծիքների ծավալ է ապահովել։ Ես չեմ ուզում մտնել կեղծիքների հարցի մեջ, բայց մեր գնահատականներով՝ մոտ 200 հազար ձայներ կասկածելի են։ Հիմա դիմելու ենք ՍԴ, տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կունենանք այնտեղ»,- ասաց Քոչարյանը:
Միաժամանակ, նա շնորհակալություն հայտնեց իրենց դաշինքի օգտին քվեարկած 270 հազար ընտրողներին և նշեց, որ իրենց հենարանն այդ ընտրազանգվածն է:
Նախկին նախագահը շեշտեց, որ ճգնաժամի պատճառները չեն հաղթահարվել, իշխանությունները կշարունակեն գործել նախկինի պես, և դա անխուսափելիորեն կհանգեցնի նոր արտահերթ ընտրությունների: «Ըստ իմ կանխատեսումների, դրանք տեղի կունենան մոտ մեկուկես տարի հետո», – ասաց Քոչարյանը: