Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեն Ղարաբաղի համար այս պահին մոտավորապես չորս-հինգ անգամ ավելի է, քան անցած ողջ 27 տարիներին։
Այս մասին «Известия» թերթին տված հարցազրույցում ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։
«Նախկինում մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մենք մոտենում ենք 50 մլն դոլարի շեմին և զգալիորեն ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում։ Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք այն մարդկանց, ովքեր վերադառնում են: Ոչ պակաս կարևոր է այն աշխատանքը, որը կապված է երկու կողմերի բանտարկյալներին այցելության հետ և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնմանը։ Եթե անհրաժեշտություն առաջանա և հնարավորություններ ընձեռվեն, մենք, հավանաբար, կշարունակենք ավելացնել մեր ներկայությունն այստեղ, բայց ավելի դանդաղ տեմպերով, որովհետև շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար», – նշել է Մաուրերը։
Նա առաջընթաց է արձանագրել ռազմագերիների փոխանակման հարցում՝ մատնանշելով որոշ ձերբակալվածների վերաբերյալ վեճերի առկայությունը՝ կապված նրա հետ՝ արդյո՞ք նրանք համարվում են ռազմագերիներ, ի՞նչ կարգավիճակ ունեն և այլն։ ԿԽՄԿ-ն շարունակում է զբաղվել այդ հարցերով։
«Կարմիր Խաչն ունի ձերբակալվածների անմիջական հասանելիությունը։ Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ են առաջացել ձերբակալվածների կարգավիճակի շուրջ։ Այս խնդիրը Բաքուն և Երևանը պետք է կարգավորեն միմյանց հետ։ Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդ տալ ինչ-որ բան, բայց համապատասխան կառավարությունները պետք է սահմանեն եւ կատարեն վերջնական կարգավիճակի հետ կապված հարցը։ Մենք էլ կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Եւ հուսով եմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծումը գտնել բոլոր այն անձանց համար, ովքեր գտնվում են Հայաստանում և Ադրբեջանում», – ընդգծել է դիվանագետը:
Նա նկատեց, որ կառույցը հրապարակային գնահատական չի տալիս ռազմագերիների պահման պայմանների վերաբերյալ։ «Մենք այցելում ենք մարդկանց՝ գնահատելու մարդկանց պահման պայմանները, բայց, ինչպես գիտեք, դա գաղտնի գործընթաց է ԿԽՄԿ-ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր իշխանությունների հետ, որպեսզի մեր դիտողություններն ուղղենք համապատասխան իշխանություններին, և առայժմ ես չեմ կարող ավելին ասել », – ասել է Մաուրերը։