«Պատիվ ունեմ» դաշինքն օրվա ընթացքում կդիմի ՍԴ։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Այսօր՝ ժամը 17։20-ի սահմաններում, դիմումն արդեն կմուտքագրվի։ ՍԴ ենք դիմելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով նույնպես ՍԴ է դիմել։
Նշենք, որ այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ։ Սակայն, որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ առանձին-առանձին։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության արդյունքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։