«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրության համաձայն՝ ԱԺ 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն օրենքը չի հստակեցնում՝ հատկապես որ ընդդիմադիր խմբակցության: Մեր տեղեկություններով՝ «Պատիվ ունեմ» դաշինքում նույնպես քննարկում են փոխնախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Այդ դեպքում ՔՊ խմբակցությունից է կախված, թե ով կընտրվի, իսկ իշխանությունը հակված է «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցչին ընտրել, քանի որ «Հայաստան» դաշինքի թեկնածուն այս իշխանությունների անխնա քննադատ Իշխան Սաղաթելյանն է։ Սակայն «Պատիվ ունեմ» դաշինքում դեռ ծանրութեթև են անում՝ առաջադրե՞լ արդյոք թեկնածու, թե՞ ոչ, քանզի դա կնշանակի առաջին իսկ օրվանից խզել հարաբերությունները ընդդիմադիր գործընկերների հետ։ Այնպես որ, առաջիկա խորհրդարանում ճգնաժամը կարող է սկսվել հենց առաջին նիստից՝ ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների հարցը կարող է դառնալ անլուծելի, և դրա շուրջ որևէ համաձայնություն չկայացվել»,-գրում է թերթը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Օրեր առաջ արդեն նշել ենք, որ խոսքը քաղաքական խորհրդի մասին է, որը պետք է ունենար խորհրդատվական գործառույթ: Սակայն, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այս մտահղացումը ևս մոտ է ձախողման. «քաղաքական խորհրդի» ձևավորումը, կարծես, ոչ մի կերպ չի հաջողվում: Բանն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հակված չեն որևէ ձևով աշխատել այս իշխանությունների հետ, բնականաբար, բացարձակ ցանկություն չունեն վարկաբեկվել, փչացնել իրենց անունը՝ ներգրավվելով թեկուզ խորհրդատվական բնույթ ունեցող մի կառույցում, որը կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր ԱԺ իշխանական խմբակցությունում կան մարդիկ, որոնք հայտնվել են լուսանցքից դուրս ու տեղյակ չեն, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական խմբակցությունում այս օրերին թեժ քննարկվում է դեռևս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագայի հարցը: Բանն այն է, որ ԱԺ նախագահի աթոռը հանձնվելու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Միրզոյանին, կարծես թե, Փաշինյանն այդպես էլ իր հավատարիմը չընկալեց: Նրան ո՛չ օրենսդիրում են տեսնում, ո՛չ գործադիրում: Միրզոյանը կա՛մ պետք է համակերպվի պատգամավորական մանդատ ունեցողի իր կարգավիճակի հետ, կա՛մ երկրից դուրս որևէ պաշտոն զբաղեցնի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը ևս տեղյակ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն. լուռ սպասում է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա։ Տիգրան Ավինյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Մեր տեղեկություններով՝ նա տեղափոխվում է մասնավոր սեկտոր, սակայն նրա գրասենյակից համառորեն հերքում են այդ լուրերը, իսկ Մհեր Գրիգորյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հայտնվել է 2018 թվականին՝ ԲՀԿ-ի քվոտայով, և այդպես էլ մնացել, չնայած իր պասիվությանն ու ոչնչով աչքի չընկնելուն՝ կպահպանի պաշտոնը։ Բանն այն է, որ նա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ է լեզու գտել, այլև Ռուսաստանն է նրան ուզում տեսնել կառավարությունում՝ փոխվարչապետի պաշտոնում»:
Ավելի մանրամասն՝ թերթերի այսօրվա համարներում: