Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին ու հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ո՞վ որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմանը: Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է»,- ասաց Փաշինյանը:
Վերջին երկու ամիսներին, ըստ Փաշինյանի, հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել: Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր բոլոր ռազմագերիներին:
Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ։
«Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։