Ուզում եմ շնորհավորել Ձեզ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Դուք ստացել եք մանդատ, որը Ձեզ լեգիտիմություն է տալիս բարեփոխումներ իրագործելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ իր խոսքն ուղղելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«ԵՄ-ն ցանկանում է ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, անվտանգության համար։ ԵՄ-ն պատրաստ է կառուցողական գործընկեր լինել։ Մենք ձեր կողքին ենք։ Ես մեկ անգամ ուզում եմ ընդգծել աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի մասին, որը տրամադրվելու է Հայաստանին երկրի առաջնահերթություններին աջակցելու համար»,- ասաց Շառլ Միշելը՝ հավելելով, որ ցանկանում են ամրապնդել կապերը տարածաշրջանի երկրների հետ։
«Մենք բոլորս ազդված ենք պատերազմի հետևանքներից, որը հարվածել է Հայաստանին։ Իմ հարգանքի տուրքն եմ ուզում մատուցել բոլոր տուժածներին ու նրանց ընտանիքներին։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Մինսկի խմբին՝ իր աշխատանքներում»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։
Անդրադառնալով գերիների խնդրին՝ Շառլ Միշելն ասաց․
«Վերջին շաբաթների ընթացքում առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը։ ԵՄ-ն այլ գործընկերների հետ քննարկել է գերիների հարցը, անդրադարձել նաև ականապատված դաշտերի քարտեզներին։ Հուսով ենք, որ հնարավոր կլինի պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ։ Երկրորդ կետը, որին կուզեի անդրադառնալ, սահմանազատումն է։ Հուսով ենք՝ հնարավոր կլինի երկխոսությունների գործընթաց սկսել»։