«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի ԺՊ-ի պաշտոնից, ապա նախագահականից լրատվամիջոցներին հայտնեցին, որ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի թեկնածությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր դարձած 18 անձ ինքնաբացարկ է ներկայացրել․ 16-ը՝ ՔՊ-ից, 2-ը՝ «Հայաստան» դաշինքից։ ՔՊ-ից՝ ապագա կառավարության անդամներն են․ փոխվարչապետ Սուրեն Պապիկյան, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, սոցապնախարար Նարեկ Մկրտչյան, տարածքային կառավարման նախարարի թեկնածու Ռոմանոս Պետրոսյան, մարզպետներ՝ Գնել Սանոսյան, Համբարձում Մաթեւոսյան, Հովհաննես Հարությունյան, Դավիթ Գեւորգյան, Արամ Խաչատրյան, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյան։ Արարատ Միրզոյան, որը, հավանաբար, ԱԳ նախարար կդառնա, իսկ Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, եւ վնասը փոխհատուցվել է: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերեւույթ ապօրինի ներգործության միջոցներ՝վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Այդ հիմնադրամի տնօրենը Վարդապետյանի հայրն է։ Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ Վարդապետյանը կարող է նշանակվել արդարադատության նախարար»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` լուրջ փոփոխություններ են սպասվում Պաշտպանության նախարարությունում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը միավորելու են Պաշտպանության նախարարության հետ: Արդյունքում նախարարության շուրջ երեք հազարի հասնող աշխատակիցներից ուղիղ կեսին սպասվում է կրճատում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ի՞նչ ընթացքի մեջ է Գորիսում հնչած կրակոցների գործը:
Կա՞ արդյոք գործով կալանավորված կասկածյալ: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, որտեղից մեզ պատասխանեցին. «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք»:
«Իրավունքին» հասած լուրերի համաձայն՝ երկու կողմերն էլ չեն ուզում գործին իրավական ընթացք տրվի, եւ, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, փորձում են հարթել միջադեպը, որովհետեւ որեւէ կողմի ձեռնտու չէ այս գործի հետագա ընթացքը: Բայց նաեւ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, ու քանի որ դեռ որեւէ մեղադրյալ չկա, ապա զգացվում է, որ իրավապահներն էլ առանձնապես իրենց չեն կոտորում գործը բացելու համար»: