Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ հարաբերություններ ունի և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում տիրող իրավիճակին, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը: Այս մասին հուլիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան նշանակալի ներդրում ունի տարածաշրջանում կայունության պահպանման, Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, մի շարք հումանիտար հարցերի լուծման գործում, որոնց թվում է ռազմագերիների, փախստականների, զոհվածների մարմինների վերադարձը:
«Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության միջոցների հաստատմանը», – ասել Է Զախարովան՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած դրսևորում Մոսկվան մտահոգությամբ է ընկալում։
«Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած դրսևորում խիստ բացասաբար է ազդում տարածաշրջանային իրադրության վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը, նաև հանգեցնում է կորուստների երկու երկրների բնակչության շրջանում: Կցանկանայի փոխանցել մեր ցավակցական խոսքը հայ զինծառայողի մահվան կապակցությամբ։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում սահմանամերձ միջադեպերի ընթացքում բոլոր տուժածներին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, ըստ որի՝ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
«Չափազանց կարևոր է զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, ուժային մեթոդներից։ Մենք համոզված ենք, որ կայուն ապաէսկալացիայի կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի աշխատանքի մեկնարկից հետո։ Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումները տեղափոխել կառուցողական հուն։ Ներկայում այդ թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքական, պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով»,- ընդգծել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ տարածաշրջանային կայունության խնդիրը եղել է ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների ուշադրության կենտրոնում։ Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, որոնք կանգնեցրել են արյունահեղությունը։ Նա կարևորել է նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունը, ըստ որի, նրա խոսքով, հնարավորություններ են բացվել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համար:
«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը բովանդակային քննարկումների մի քանի փուլ է ունեցել, նախանշել է տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների վերականգնման մի շարք միջոցներ։ Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս խումբը կարող է վերականգնել իր նիստերը, ինչը հնարավորություն կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, իսկ դա լիովին համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի շահերին»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: