«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի 2 հազար աշխատակցի աշխատավարձերի շեշտակի բարձրացման մասին մեր լուրից հետո քաղաքապետը, լույսը չբացված՝ գրառում էր արել, թե դեմ է իր աշխատավարձը բարձրացնելուն․ «Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը»։
Իսկ նախագիծը քննարկվելու է ավագանու վաղվա արտահերթ նիստում, 100 տոկոսով ավելանալու է քաղաքապետի, նրա աշխատակազմի աշխատավարձը, որտեղ քաղաքապետի նախկին գործընկերներն են, նրա կնոջ շրջապատը։ 8 խորհրդականի հաստիք ունի, որոնց վարձատրությունը կդառնա 578 հազար։
Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը՝ ներկայիս 436 միլիոն 397 հազարի փոխարեն դառնալով 606 մլն 235 հազար»:
«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ըստ մարզում շրջանառվող լուրերի, որդու հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո ստիպված որոշել է հրաժարականի դիմում գրել:
Սակայն, վերջինիս չեն թողնում նման քայլի գնա թիմակիցները, համոզում են, որ այս գործը չարժե նման զոհողության: Սակայն այլ աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ աղմուկն այնքան մեծ է, ներկայացված մեղադրանքներն այնքան հստակ, որ վերեւներից մարզպետին հուշել են, որ օգնել չեն կարող: Ուստիեւ, մնում է հրաժարականի տարբերակը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ ասվել է, որ կառավարության վերջնական ձեւավորումից հետո մի շարք կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում, եւ շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին:
Ուշագրավն այն է, որ այդ մասին արդեն հայտարարել է նոր ղեկավար կազմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի, որը նախարար կնշանակվի կառավարության վերջնական ձեւավորումից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հնդիկների համար Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու համար: Այս օրերին հնդիկները ժամանակավոր բնակություն են հաստատել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մարզերում, հիմնականում՝ Էջմիածնում:
Պարզվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հնդկաստանից զբոսաշրջիկների մուտքն իր երկրի տարածք կասեցվել է՝ Covid-19-ի տարածում կանխելու նպատակով: Այս պատճառով հնդիկ զբոսաշրջիկներն ընտրում են Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր: Այստեղ նրանք 14 օր մնալուց հետո միայն կարող են ստանալ ԱՄԷ մուտքի թույլտվություն, ինչից հետո մեկնում են Դուբայ, Աբու Դաբի, որտեղ աշխատում են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հնդկաստանից Հայաստանով Դուբայ հասնելու ծախսերը՝ ներառյալ թռիչքը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը, չեն գերազանցում 4300 ԱՄԷ դիրհամը, 85 000 հնդկական ռուփին կամ 1000 ԱՄՆ դոլարը»։