ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծ, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար սահմանել պատժաչափեր:
Նախագծի համահեղինակ, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ այնքան պատասխանատվության կանչելու այն անձանց, որ հայհոյանքի միջոցով օգտագործել են վիրավորանք, այլ այն կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և հասարակությունից հայհոյանքը՝ որպես արժանապատվությանը առավել ծանր հասցնող երևույթ, պետք է վերացվի:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը ենթարկվել է միայն տեխնիկական փոփոխությունների:
Նախագծով՝ Քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: