Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով իր արտահայտությունների հետևանքով Ադրբեջանի կողմից հղված բողոքի նոտան, հիշեցրել է խոսքի ազատության մասին: Այս մասին փոխանցում է РИА новости-ն։
Նշենք, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա են հղել երկրի մասին Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։
Ավելի վաղ քաղաքական գործիչը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին, հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ նախկին տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է:
«Բաքվին ձեռք չեմ տալու, բողոքի նոտա է լինելու։ Հայաստանին ձեռք չեմ տա։ Ընդհանրապես, մենք բոլորս պետք է լռենք և գովաբանենք նրանց, ինչ լավն են նրանք, ապրում են ռուս ժողովրդի հաշվին»- ընդգծել Է ՌԼԴԿ-ի առաջնորդը։
Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իմաստուն ղեկավար է։
«Ավելի լավ էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։ Ես գովել եմ և՛ Իլհամ Ալիևին, և՛ նրա հորը։ Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ վատ են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք ինչ-որ բան չգիտեն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։