Armenia Today-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ընդդիմության կողմից ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկելու հարցով ՍԴ դիմելու որոշմանը, խոսել նաև իրենց դաշինքի՝ Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին։
«Առհասարակ այս հանձնաժողովի ստեղծման մերժումն անտրամաբանական կլինի։ Հանձնաժողովի ստեղծումը մերժելու պարագայում իշխանության մերժումը կնշանակի, որ այս իշխանությունը նպատակ չունի Արցախը պահել իր առաջնային օրակարգում, և նպատակ չունի առաջիկայում ինստիտուցիոնալ առումով Արցախի հարցը կարգավորել թե՛ բանակացային գործընթացի, թե՛ նաև Արցախում ռազմավարական ծրագրերի իրականացման առումով»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի վերաբերյալ իշխանության կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությանը՝ Տ․ Աբրահամյանը նշեց․
«Երբ այդ հարցում պաշտոնական դիրքորոշում կունենան, մենք մեր դիրքորոշումը ևս կհայտնենք։ Մինչ այդ կարող եմ ասել, որ այս իշխանությունն ունեցել է մեկ այլ՝ օրինակ՝ ապրիլյան մարտական գործողություններն ուսումնասիրելու հնարավորություն, և դրա արդյունքները որևէ ձևով չեն ներկայացվել։ Հանրությունն իրեն մտահոգող հարցերի պատասխանը չի ստացել։ Ամեն դեպքում, նման հանձնաժողով ստեղծելու իշխանության դրդապատճառները պարզ են․ իշխանությունը փորձում է իր վրայից, Նիկոլ Փաշինյանի վրայից պատասխանատվությունը հանել ու բարդել ԶՈւ-երի, տարբեր հրամանատարների ու գործիչների վրա։ Բայց չի հաջողվելու, որևէ խնդիր չի կարող լուծել իշխանությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։