Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի քրեական հետապնդումը և չեղյալ հայտարարել խոսքի ազատության իրավունքին սպառնացող օրինագծերը:
Եզդի իրավապաշտպանի դեմ հարուցված քրեական գործը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 7-րդ գումարման օրինագծերի ընդունումը, որոնք քրեականացնում են անձի վիրավորանքը, վկայում են այն մասին, որ վերջին տարիներին ժողովրդավարության և իրավունքի ոլորտում Հայաստանի ձեռքբերումները վտանգված են, ասվում է Freedom House-ի հայտարարության մեջ, որի տեքստը տեղադրված է կազմակերպության կայքում:
«Եզդի իրավապաշտպանի անհիմն քաղաքական հետապնդումը անհանգստություն է առաջացնում ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ կառավարությանն ուղղված քննադատության արձագանքի տեսանկյունից։
Օրենքի ընդունումը, որը քրեականացնում է հատկապես «ծանր վիրավորանքը» և կառավարական պաշտոնյաների նկատմամբ քննադատության այլ ձևեր, ճնշում է խոսքի ազատությունն ու քաղաքական ընդդիմությանը»,- հայտարարել է Եվրոպայում և Եվրասիայում Freedom House ծրագրի տնօրեն Մարկ Բերենտը:
Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և գլխավոր դատախազությանը հանել Սաշիկ Սուլթանյանի դեմ մեղադրանքները և վերացնել «խոսքի ազատությունը խախտող հակասահմանադրական օրենքը»:
Հիշեցնենք, որ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու համար: