Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության իրավասության տակ է։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի կենտրոնի ղեկավար, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը՝ Armenia Today-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի այն հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը եռակողմ ձևաչափով քննարկում է պահանջում։
«Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս է մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանն առաջնային ուշադրություն է դարձնում այդ թեմային, շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են սահմանային վեճի կարգավորմանը: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խնդիրներից մեկը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, նաև կողմերի միջև փոխվստահության պակաս կա։ Կարծում ենք, որ սահմանին կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման, հետագայում նաև սահմանազատման աշխատանքների անհետաձգելի գործարկումը։ Ռուսաստանը կողմ է այդ հարցի շուտափույթ լուծմանը»,- ասել է Ալեքսանդր Բիկանտովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ առաջարկեց դիտարկել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։