Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները, այդ թվում՝ Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։
Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։
Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։ Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։