Պետական պաշտոնատար անձի նկատմամբ մահափորձի նախապատրաստման գործի շրջանում նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ զարգացումներ կան պետական պաշտոնատար անձի դեմ մահափորձի գործով։
«Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, և որևէ անգամ որևէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել»,- մանրամասնեց նա։
Արթուր Վանեցյանի պնդմամբ՝ գործում ներգրավված անձանցից ծանոթ է եղել միայն Աշոտ Մինասյանի հետ, իսկ Վահրամ Բաղդասարյանի հետ ծանոթացել է ազատ արձակվելուց հետո միայն։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան չբացառեց, որ այս հարցազրույցից հետո հնարավոր է իրենց սկսեն նորից կանչել քննչական մարմիններ։
Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ որևէ գործ չի մոնտաժվել, որևէ գործ չի սարքվել։
Հիշեցնենք, որ պետական պաշտոնատար անձի նկատմամբ մահափորձի նախապատրաստման գործի շրջանակում որպես մեղադրյալ էր ներգրավվել նաև Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։