Ազգային ժողովը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։
Այսօր քննարկման է ներկայացված ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությանը հարցը։ Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը։ Վերջինս նախորդ գումարման ԱԺ-ում ևս նույն պաշտոնն էր զբաղեցնում։
Պատգամավորներն այժմ հարցեր են ուղղում Նարեկ Զեյնալյանին։
Հիշեցնենք, որ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Վահե Հակոբյանի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արմեն Գևորգյանի թեկնածությունները, ՔՊ-ն Վլադիմիր Վարդանյանին առաջադրել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Անդրանիկ Քոչարյանին՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Էդուարդ Աղաջանյանին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, իսկ Վահե Ղալումյանին՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, Սիսակ Գաբրիելյանին՝ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում։