«Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը անդրադարձել է Կպանի քաղաքապետարանում տիրող իրավիճակին, անդրադառնալով ավագանու անդամների հրաժարականին:
Հիշեցնենք, որ Կապանի համայնքապետարանի ավագանու անդամները օգոստոսի 11-ին արձանագրություն են ստորագրել, որով վաղաժամկետ դադարեցվեց ավագանու լիազորությունը: Մինչ այդ ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարականի դիմում են ներկայացնել՝ չներկայացնելով հրաժականի պատճառները:
«Ավագանու անդամները, լավ կլինի, իրենք անդրադառնան իրենց հրաժարականի իրական պատճառներին, ես չէի ուզի այդ հարցին անդրադառնալ: Բայց թե ինչ վերաբերմունք ունեմ դրա հետ կապված, անկեղծ ասած, այդքան էլ դրական չեմ վերաբերում, որովհետև պարզ է, որ ավագանու 8 անդամների հրաժարականը տանում է Կապանում ավագանու անդամների նոր արտահերթ ընտրությունների: Բնական է, նոր ընտրությունները նոր լարվածություն, նոր քաղաքական իրավիճակներ և նյարդային համակարգի ավելորդ խաթարում են բերելու»,- ասել է նա:
Կապանի քաղաքապետը նշեց, որ կուզեր ավագանու անդամները ներկայացնեն հրաժարականների դիմումների իրական պատճառները:
«Բայց մարդ պետք է միամիտ լինի, որ չհասկանա, թե ինչ է իրականում կատարվում: Ես պատահական չեմ համարում, որ ավագանիներից 5 հոգու ազատել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից և դրանից հետո բոլոր ավագանիներին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության անիմաստ գործերով: Դրան անմիջապես հաջորդեց ավագանու 8 անդամների հրաժարականը: Այդ ամենը պատահական չէ և հասկանալի է, որ այստեղ թիրախը ընտրված է Փարսյան Գևորգը և դրանով ուզում են ազատվել ինձնից` համայնքը տանելով նոր ավագանու ընտրությունների»:
Հղում անելով օրենսդրությանը՝ նա նշեց, որ օրենքն իրեն թույլ է տալիս պաշտոնավարել մինչև 2023 թվականը, բայց, նրա խոսքոքվ, եթե ավագանու նոր ընտրությունների դեպքում ընտրվեն հակադիր ուժի ներկայացուցիչներ, ինքն անիմաստ է համարում պաշտոնավարել: Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ խոչընդոտներ կառաջանան` սկսած անվստահություն հայտնելուց, մինչև ցանկացած նախագծի չհաստատում, որը նոր ճգնաժամի կբերի:
«Դրա համար ես որոշել եմ մասնակցել ավագանու նոր ընտրություններին և անիմաստ եմ համարում պաշտոնավարել, եթե չլինի մեր ընտրած ավագանու կազմը»,-ասաց Փարսյանը՝ շեշտելով, որ հավելելով, որայս պահին շարունակելու է պաշտոնավարել: Նա առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ և հայտնելու է այն քաղաքական ուժի անունը, որի հետ կմասնակցի ավագանու ընտրություններին: