ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ու ՄՀԻ Հայաստանի միջև համագործակցության շրջանակի քարտեզագրման նպատակով օգոստոսի 16-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակության հետ՝ տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորությամբ:
Վահան Նարիբեկյանը, ողջունելով Ջեյմս Դե Ուիթին Ազգային ժողովում, նշել է, որ ՄՀԻ-ն որպես Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ռազմավարական աջակից, 2018-ից ի վեր մեծ աշխատանք է տարել՝ աջակցելով պետական կառավարման մարմիններին անհրաժեշտ և առանցքային բարեփոխումների իրականացման ընթացքում՝ տրամադրելով տվյալներ և փորձագետներ հաղորդակցման ռազմավարությունների մշակման ընթացքում:
Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարևորել է նախորդ տարի Ազգային ժողովի աշխատակիցների համար ՄՀԻ-ի թրեյնինգները: «Կարևորում ենք նաև ԲԵՅՓԹԻ ծրագրի շրջանակներում ՄՀԻ-ի կողմից տրամադրվող աջակցությունը, որը մեր գործընկեր Բալթյան երկրների խորհրդարանների հետ յուրահատուկ շփման հարթակ է: Արժևորում ենք նաև ՄՀԻ-ի կողմից իրականացվող աշխատանքն Ազգային ժողովի հանձնաժողովների հետ: Ունենալով նոր ձևավորվող հանձնաժողովներ՝ այս աշխատանքը հատկապես բարձր ենք գնահատում»,- ասել է Վահան Նարիբեկյանը:
Ջեյմս Դե Ուիթը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացվել են նախորդ տարիների ընթացքում: Այդ համատեքստում նա առանձնացրել է խորհրդարանի հանձնաժողովների աշխատակազմերի դասընթացները, փոխանակման ծրագրերը և այլն:
Նա նաև անդրադարձել է ԱԺ աշխատակազմի կարիքներին ու առաջնահերթություններին:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որպեսզի արդյունավետ համագործակցությունը շարունակական լինի: