ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել։ Արտահերթ նիստի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել: Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն նշվեց Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու հանգամանքը:
Իսկ «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները կոչ են անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը։
Բնապահպանները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ առաջին հերթին ապահովելու ջրի սակավություն ունեցող Արարատյան դաշտի հողերի ոռոգման բնականոն ընթացքը, ուղղակիորեն արգելելով Արարատյան դաշտի խորքային հորերի ջրերի օգտագործումը, դադարեցնել հայտնի 7 ձկնաբուծարաններին ապօրինի տրված ջրօգտագործման թույլտվությունները մինչև հարցի կարգավորումը՝ ընդհուպ նույնիսկ դատական կարգով։
Հիշեցնենք նաև, որ այս տարի Սևանից ոռոգման նպատակով ջրառ կատարվել է մայիսին։ Այս տարի ոռոգման ջրի խնդիր կա, որոշվել է լճից հավելյալ ջրառ կատարել։
Միևնույն ժամանակ, մարտի 18-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրացել է: