Օգոստոսի 17-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին: Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ կատարելով դարերի խորքից եկող հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Արմեն Գրիգորյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու հայ-հնդկական համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու մշակութային ուղղություններով: Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարևոր դերակատարություն ունի գլոբալ և տարածաշրջանային հարցերում: Վինայ Սահասրաբուդհեն իր հերթին ասել է, որ Հայաստանը Հնդկաստանի հուսալի և կարևոր գործընկերներից է Եվրասիական տարածքում:
Կողմերը փոխգործակցության հետագա խորացման համար որպես հեռանկարային առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, պաշտպանության ոլորտները, իսկ տնտեսական բնագավառում նախանշված ծրագրերի իրականացման համար առանցքային համարել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ։ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳՆ սկզբունքային հայտարարությունը։ Հայկական կողմն ընդգծել է, որ մշտապես աջակցել է Հնդկաստանին Ջամմուի ու Քաշմիրի հարցում։ Վինայ Սահասրաբուդհեն շեշտել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: