«Այժմ պաշտպանության նախարարությունը և Ադրբեջանի սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածքներ և զորամասեր ամբողջ սահմանի երկայնքով՝ Մուրովդաղից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ տված հարցազրույցում:
Ալիևը նշել է, որ ամրապնդվում է պետական սահմանը Քարվաճառի, Լաչինի և Զանգեզուրի ուղղությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Նա հայտարարել է, որ սահմանին ընթացող գործընթացների վերաբերյալ Հայաստանի պնդումները «լիովին անհիմն են, քանի որ Ադրբեջանը զբաղված է պետական սահմանի վերականգնմամբ»:
Ալիևն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղ գաղթականների վերադարձի հարցին: «Նախկին հարկադիր վերաբնակների առաջին խումբը մի քանի ամսից կվերաբնակեցվի Զանգիլանի շրջանում: Միաժամանակ փորձնական գյուղեր են ընտրվել Աղդամի, Ջաբրաիլի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում: Արդեն աշխատանքներ են տարվում այս գյուղերը վերականգնելու և այնտեղ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է նա: