ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն այսօր հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակը շարունակում է բարդ և անկանխատեսելի մնալ: Դաշինքի գլխավոր խնդիրն է այնտեղից տարհանել օտարերկրյա քաղաքացիներին և աֆղանցիներին, որոնց կյանքը վտանգված է: Վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը՝ այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«Այն, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, ողբերգություն է դարձել աֆղան ժողովրդի համար: Այժմ ՆԱՏՕ-ի գերակա խնդիրը մարդկանց տարհանումն է, մեր գործողությունների շարունակությունը Քաբուլի օդանավակայանում», – հայտարարել է Սթոլթենբերգը դաշինքի ԱԳ նախարարների՝ Աֆղանստանի իրադրության շուրջ տեսակոնֆերանսի ընթացքում: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրը Քաբուլի օդանավակայանում անվտանգության ապահովումն է:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիային, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ-ին՝ իրենց ջանքերի համար: ՆԱՏՕ-ի հարյուրավոր աշխատակիցներ և պայմանագրային զինծառայողներ նույնպես առանցքային դեր են խաղացել Քաբուլի օդանավակայանում աշխատանքների ապահովման գործում: Ապահովվել է օդային երթեւեկության կառավարումը, օդանավակայանի հիմնական ծառայությունների եւ կապի աշխատանքը»,-ասել է Ստոլտենբերգը ։
Նա նաեւ նշել է, որ ամենաբարդ խնդիրը մարդկանց օդանավակայան տեղափոխելն է։
«Ակնկալում ենք, որ «Թալիբան» շարժումը թույլ կտա բոլոր օտարերկրացիներին եւ աֆղանցիներին անվտանգ լքել երկիկրը: Դա այսօր հրատապ խնդիր է», – հավելել է նա։
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժումը հարձակվել է երկրի խոշոր քաղաքների վրա։ Կիրակի ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցումները։ Ավելի ուշ նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ լքել է երկիրը, որպեսզի կանխի կոտորածը: Երկուշաբթի գիշերը «Թալիբան» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է: