Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Նախ ցանկանում եմ Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Դա կարճ, բայց կարևոր մի շրջան էր, որտեղ, կարծում եմ, կարևոր որոշումներ կայացվեցին, և կարևոր ուղենիշներ դրվեցին: Ուզում եմ Արարատ Միրզոյանին շնորհավորել և հաջողություն մաղթել Արտաքին գործերի նախարարի կարգավիճակում:
Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար:
Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և ԱԳՆ աշխատակազմին՝ համատեղ կատարված աշխատանքի համար և նշել. «Պարոն վարչապետ, կարճ ժամանակաշրջան էր, բայց մենք կարողացել ենք ահագին մեծ, այսպես ասած, գործեր առաջ գցել և նաև հաջողություններ գրանցել»:
Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Այս պահին պիտի վստահեցնեմ միայն, որ նախարարությունում, համակարգում անշուշտ առկա լավագույն ավանդույթների՝ մի կողմից, և մյուս կողմից, թերևս բոլորի համար արդեն ակնհայտ դարձած, անհրաժեշտ դարձած վերափոխումների արդիականացման համադրմամբ մեր ամենօրյա, ամենժամյա, ամեն րոպե աշխատանքի արդյունքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի այս փորձությունների միջով: Մենք փորձելու ենք մեր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խաղաղ, զարգացող հանգրվանի հասցնենք մեր երկիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում։