«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 43 հազար 39 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղեւոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղեւոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան են ժամանել եզդի օրենքով գողեր։ Ըստ լուրերի, նրանք իրենց երկրներում խնդիրներ են ունեցել իրավապահների հետ եւ որոշել են ապահով երկիր տեղափոխվել։ Օրենքով գողերը որոշակի գործարք են առաջարկել մեր իշխանություններին․ ապաստան ՀՀ-ում՝ օր-օրի ավելի լարվող քրեական իրավիճակը զսպելու դիմաց։ Իսկ Հայաստանում դանակահարություններն ու սպանությունները, օրը ցերեկով կրակոցներն այնքան են հաճախացել, որ մեր երկիրը մոտ է Սիցիլիա դառնալուն։ Իշխանությունը կարծում է, որ քրեական աշխարհի միջամտությունը, ինքնակառավարման լծակներ գործի դնելը կարող են իրավիճակը փոխել երկրում։ Այսինքն՝ այն, ինչ չեն կարողանում անել իրավապահները, կանեն գողերը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունը որոշել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ ընդունել: Նախագիծը հիմա հանրային քննարկման է ներկայացվել: Նպատակը երեկ կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է: Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների` Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին ու Մխիթար Զաքարյանին, դատարանի որոշմամբ կալանավորել են՝ ԿԸՀ թույլտվությամբ՝ մինչ օրս չստանալով ԱԺ համաձայնությունը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում քննարկվում են Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում («Ֆիզիկայի գիտավան»)՝ այգու տարածքում իրականացվող շինարարությանն ուղեկցող բիրտ դրսեւորումները: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են թաքնված այդ գործընթացի հետեւում։ Պարզվում է՝ դեռ վաղուց են շատ մարդիկ փորձ արել այդ հատվածում բազմաբնակարան շենք կառուցել, սակայն չի հաջողվել, գոնե Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չի հաստատել նախագիծը: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փաստացի «թույլտվությամբ» է եղել Ֆիզգարադոկի հողերի «հանձնումը»: Ըստ մեր տեղեկությունների՝ Ճգնավորյանն ու Մարությանն են համարել, որ արժե Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի այգու տարածքում շինթույլտվություն տալ»։