Օգոստոսի 24-ին քաղաքական իշխանությունների կողմից կալանավորվեց մեր գործընկեր պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Վերաքննիչ քրեական դատարանի այս ապօրինի որոշումը հակասում է Սահմանադրությանը և քրեական գործերի դատաքննությամբ ձևավորված պրակտիկային, իսկ դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր ամբողջական աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ապօրինի անազատության մեջ գտնվող իր բոլոր գործընկերներին, և ԱԺ ղեկավարությունից պահանջում են ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը և առաջարկում բոլոր խմբակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: Դաշինքը պահանջում է գլխավոր դատախազին Ազգային ժողով գալ և բացատրություն տալ։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հոդվածով: