«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թեւը պետք է այնպես կազմակերպի, որպեսզի այսօր՝ մինչեւ օրվա ավարտ, ելույթներն ավարտվեն, ու արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես գա եզրափակիչ ելույթով: Դրանից հետո իշխանական ֆրակցիան կկազմակերպի կառավարության ծրագրի քվեարկությունը, ու ամեն ինչ կավարտվի: Սա իշխանության ծրագիրն է, եթե, իհարկե, ամեն ինչ իրենց պլանավորածով գնա: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության անելիքները, ելույթները կարող են նորից հունից հանել իշխանության պատգամավորներին, ու ամեն բան պլանավորվածից դուրս գա, ինչպես դա եղավ երեկ` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ՊՊԾ-ն Մկրտչյանին պետք է ԱԺ դահլիճից դուրս հրավիրի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ շաբաթ է մնացել նոր ուսումնական տարուն. այս սեպտեմբերի 1-ը ամենաթանկն է լինելու, քանի որ դպրոց գնալու համար անհրաժեշտ ապրանքները բավականին թանկացել են: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար նոր ծախսերի առիթ է: Սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու համար անհրաժեշտ են գրենական պիտույք, պայուսակ, հագուստ, կոշիկներ, դասագրքեր, իսկ այս ապրանքները շուկայում վաճառվում են տարբեր գներով, օրինակ՝ դպրոցական պայուսակը 11000 դրամից սկսած է վաճառվում, այն կարող է գերազանցել անգամ 20000 դրամը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում արեց դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում, թե սեպտեմբերի 1-ին ընդառաջ որքան գումար են նախատեսել ծախսել մեկ երեխայի համար»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատերազմից մոտ մեկ տարի անց կյանքը վերադառնում է նախկին հուն, Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում։ Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանի որդու հարսանիքը, դրանից շաբաթներ առաջ էլ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եղբայրն էր որդուն ամուսնացրել։ Մեզ պատմեցին, որ Բալայանի որդու հարսանիքն անցել է առանց զուռնա-դհոլի, միայն հարսանյաց սրահում է կարճատեւ երաժշտություն հնչել, նորապսակները տանգո են պարել։ Ներկա են եղել նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը հանդիպել էր պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման եւ պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները առանձին դեպքերում չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից ոմանք դեռ չեն տեղավորվել իրենց աշխատասենյակներում։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնց բաժին են հասել նախկինում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցության հատվածի սենյակները, դեռ իրենց կաբինետները չեն զբաղեցրել, քանզի վերանորոգում են։ «Պատվախնդիրների» խմբակցության միջանցքն ու աշխատասենյակներն այս օրերին վերածվել են իրական շինհրապարակի։ Գրեթե բոլորն իրենց սենյակները հիմնովին նորոգում են․ ամբողջովին դուրս են բերել հին գույքը, շարել միջանցքում։ Սենյակներում բանվորներ են աշխատում՝ ներկում են, գեղեցկացնում պատերը, հատակը, հետո պարտադիր նոր գույք կբերեն, որ նախկինների գույքը չօգտագործեն»։