Գորիս-Կապան ճանապարհը դեռ փակ է. բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Բանակցություններ են սպասվում, ադրբեջանական կողմից որոշում կայացնողները պետք է գան բանակցությունների։ Փաստացի Մ2 միջպետական մայրուղին փակ է, այն Պարսկաստանի հետ կապող մեր միակ ճանապարհն է։ Մենք այլընտրանքային ճանպարհը Տաթևով է, այն էլ բեռնատար մեքենաների համար անհարմար է։ Հիմա այդ ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ են կատարվում»,- ասաց նա։
Քաղաքապետը մանրամասնեց, որ գիշերն են բանակցություններ եղել, դուրս են բերել քաղաքացիներին, ավտոմեքենաները, որից հետո որոշել են բանակցություններն այսօր շարունակել։ Սակայն, բանակցությունների ժամի մասին պայմանավորվածություն չկա։
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էէ, որ օգոստոսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: