«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատրաստ է դատարանի առաջ կանգնել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազույցում նա հայտարարեց, որ ամեն ինչի պատրաստ է։ Ասում է՝ միայն Սերժ Սարգսյանը փաստաբան չունի, ինքը ևս ունի և իրենք կմասնակցեն իրավական գործընթացին։
«Իր տեսքը ձեզ բավարար է, եկած ժամանակ ու հետո ու մնացած իր ունեցվածքը։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չի։ Մի հատ էլ իրեն կհարցնեք՝ Որոտանը ով է ձեռք բերել։ Որոտանը Հայաստանի լավագույն տնտեսական միավորներից է եղել։ Ես իր փեսային էլ եմ տեսել, երբ դեռ նոր պետք է դառնար փեսա։ Ասում էին՝ հերը պետական հիվանդանոցի ղեկավար է, գլխավոր բժիշկ է։ Գլխավոր բժշկի տղան դառնում է տասնյակ հզոր կառույցների սեփականատեր։ Ես դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է մի երկրից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել է, որ վճարեն, որովհետև կարող ես խաղալ, հետո նոր վճարել»,- ընդգծեց նա և նշեց, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ չարաշահումներով, որոնք տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իր ելույթում նշել է, որ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը խաղատանը 100 մլն դոլարից ավելի տանուլ է տվել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պատրաստվում է հայց ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ ՝ զրպարտության և համբավն արատավորող տեղեկությունների համար: