Պաշտպանության նախարարությունը պատրաստ է իր սպառազինության մեջ ներգրավել մեր տեղական արտադրության ԱԹՍ-ներ, եթե դրանք կարող են մատակարարվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:
«Մի քանի ընկերություններ կան, որոնք գործնական փուլ են մտել ԱԹՍ-ների արտադրության հետ կապված բոլոր տեղերում, որտեղ կան պետության և մասնավորի համագործակցության եզրեր, որևէ խոչընդոտ չկա։
Այստեղ երկարաժամկետ պայմանավորվածությունների խնդիր է, այսինքն՝ այդ կազմակերպություններն ուղղակի պետք է պայմանագրային պարտավորությունները կատարելու տակ մտնեն, որ կարող են, օրինակ, առաջիկա 2-3 տարիների ընթացքում որոշակի քանակությամբ ԱԹՍ-ներ մատակարարել։
Եթե փորձարկումների ընթացքում պարզվում է, որ համապատասխանում են մեր պահանջներին, արդեն արտադրանքի մատակարարման պայմանագիր է կնքվում»,- մանրամասնեց Վահագն Խաչատուրյանը։
Նախարարի խոսքով՝ վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ պետք է զարկ տանք տեղական արտադրությանը, հատկապես ռազմական բնագավառում։
«Այն արտադրանքը, որ մենք կարող ենք արտադրել տեղում, որոնք կարող են իրենց որակական հատկանիշներով փոխարինել դրսից ներկրվողներին, մենք դա պարտավոր ենք անել»,- եզրափակեց ԲՏԱ նախարարը: