«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անհետ կորածների հարազատները երեկ փորձել են ԱԺ հանդիպման ժամանակ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ է լուծվելու իրենց երեխաների հարցը։ ԱԺ նախագահը խոստովանել է, որ ոչ մեկն այդ հարցի պատասխանը չունի, ամեն ինչ անում են, որ լուծվի։ Նրանք պատգամավորներին ամոթանք են տվել, որ պատերազմից հետո երկրում հազար խնդիր կա, իսկ իրենք զբաղված են ծեծուջարդով, իշխանականներին են մեղադրել, թե «ո՞նց կարան նորմալ տղամարդիկ 15 հոգով մեկի վրա հարձակվեն»։ «Կտրիճներից» քչերն են ներկա եղել քննարկմանը, իշխանության դեմքը փրկել է նիստը վարող Ալեն Սիմոնյանը։ Մեկ ուրիշն էլ իշխանություններին մեղադրել է զոհերի եւ անհետ կորածների տվյալները կեղծելու, հարազատների գլխի տակ փափուկ բարձ դնելու մեջ։ Ներկա է եղել նաեւ ՀՀ ԱՆ դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Երբ նրան ասել են, որ անհետ կորածներից մեկի մասով կենտրոնը հեռախոսային խոսակցությամբ հաստատել է, որ աճյունն իրենց մոտ է, սակայն օրեր անց հայտնի է դարձել, որ անհետ կորածը գերության մեջ է, Բիշարյանը բերանը ջուր է առել ու չի կարողացել տակից դուրս գալ՝ առաջացնելով վերադասի զայրույթը։ Հավաքին մասնակցել են նաեւ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԱԾ-ի, սոցապի ներկայացուցիչներ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ-ում ԱԺ միջադեպի գործով պատգամավորների հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել՝ ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն: Մեզ հասած լուրերի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության հարցաքննված պագամավորները քննիչին ասել են, որ եղել է խմբակային խուլիգանություն, կան տեսաձայնագրություններ, թող նայեն եւ տեսնեն, թե ով ում ինչպես է հարվածում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ հարցաքննված պատգամավորներից եղել են անձինք, որոնք ՀՔԾ քննիչին կոնկրետ անուն են տվել: Մասնավորապես, մեր տեղեկությունների համաձայն՝ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանը տվել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ավելին՝ այլ ՔՊ-ական պատգամավորների անուններ եւս տրվել են, եւ նշվել է, թե նրանք ինչ են արել: Ի դեպ, Նազարյանը պատմել է, որ մտել է նիստերի դահլիճ, առաջին պատկերը, որ տեսել է, եղել է հետեւյալը. բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկած են եղել Արթուր Ղազինյանի վրա եւ հարվածել են նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Հարվածել են այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն են ընկել Ալիեւն ու Էրդողանը»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհը թեեւ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում բացվեց, սակայն 2-3 տեղ ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել, եւ մայրուղին, կարելի է ասել, կիսով չափ է բաց։ Արգելապատնեշները դրել են իրենց ուղեկալների կողքին։ Մեր աղբյուրների վկայությամբ, դրանով հոգեբանական ճնշում են գործադրում։ Ճանապարհի այդ մասով երթեւեկելիս ավտոմեքենաների արագությունը կհասնի նվազագույնի, քանի որ արգելապատնեշը նեղ հատված է թողել երթեւեկության համար։ Ադրբեջանական կողմը կարող է հանգիստ իդենտիֆիկացնել անցորդներին, եւ սա ռիսկեր է առաջացնելու՝ մարդիկ խուսափելու են այդ հատվածով երթեւեկելուց, հատկապես որ ԱԱԾ-ն ամիսներ առաջ հորդորեց՝ խնդրահարույց կիլոմետրերը հնարավորինս արագ անցնել, առանց կայանելու։ Իսկ թե իրականում ինչի դիմաց բացվեց ճանապարհը, դրա մասին առաջիկա գործընթացները կփաստեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը: «Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե որտեղ և ինչպես է անցկացնելու Քոչարյանն իր ծննդյան օրը: Երկրորդ նախագահի գրասենյակից որևէ բան ճշտել, ցավոք, չհաջողվեց: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այս տարի նույնպես որևէ առանձնահատուկ բան չի սպասվում: ՀՀ երկրորդ նախագահն, ամենայն հավանականությամբ, իր ծննդյան օրը կանցկացնի ընտանեկան մթնոլորտում: Բանն այն է, որ, ըստ Քոչարյանին ճանաչողների, նա չի սիրում մեծ հանդիսություններ ու «կենացներ»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։ «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում», – նշել էր Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն այցի մասով նշեց. «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության շատ լուրջ հեռանկարներ են բացվում: Ոչ պակաս հետաքրքիր է թվում Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բացման հեռանկարը»: