ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Տարոն Մարգարյանը այցելել են կալանքի տակ գտնվող գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Այս մասին հայտնել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Երկու պատգամավորներն էլ ընկճված չէին, ֆիզիկապես առողջ էին, իսկ խոսակցություններից պարզվեց՝ ակտիվ հետևում էին ներքաղաքական զարգացումներին և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:
Մխիթար Զաքարյանը պատմեց, որ ձեռքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն կա. երկաթները պետք է հանվեն մարմնից: Ես տեղում ՔԿՀ ղեկավարությունից հետաքրքրվեցի, թե ինչ քայլեր են անում Զաքարյանի վիրահատությունը կազմակերպելու համար, և ինձ հավաստիացրին, որ վիրահատությունն առաջիկայում կկազմակերպվի, և որ հարցը փաստաթղթերի հավաքագրման փուլում է: Այս հարցում հետևողական եմ լինելու: Հետաքրքրական է, որ մեր գործընկերների առաջնային և գլխավոր մտահոգությունը մեր Սյունիքն է՝ մեր երկրի ողնաշարը, որի անվտանգության մասին մտածում են բոլոր դեպքերում՝ նույնիսկ գտնվելով կալանքի տակ»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը այժմ ձերբակալված են և չեն մասնակցում խորհրդարանի նիստերին: