Եվրամիության սեփական պաշտպանական համակարգը ստեղծելու անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված իրավիճակից հետո:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման համար Լյուբլյանա ժամանելուն պես:
«Ես պնդում եմ, որ ԵՄ -ի՝ սեփական պաշտպանական համակարգի կարիքն ակնհայտ դարձավ Աֆղանստանից հետո»,- նկատել է Բորելը:
Նա ընդգծել է, որ Աֆղանստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններն են դրդել եվրոպական անվտանգության «ԵՄ ռազմավարական կողմնացույց» հայեցակարգի մշակմանը, որի վերջնական նախագիծը կներկայացվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Նրա խոսքով՝ այդ քննարկման շրջանակներում ԵՄ երկրները դիտարկում են նաև համայնքի արագ արձագանքման իրենց ուժերը ստեղծելու նախագիծը, որը կազմում է մոտ 5 հազար մարդ:
ԵՄ արագ արձագանքման ուժերի հնարավորինս շուտ ստեղծման գաղափարին ակտիվորեն աջակցել է ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Ռոբերտ Բրիգերը, ով նույնպես մասնակցում էր հանդիպմանը:
«Աֆղանստանում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում և Սահելում իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակն է գործել՝ սկսելով ԵՄ արագ արձագանքման ուժի ստեղծումից, որը ցույց կտա ԵՄ-ի՝ որպես գլոբալ ռազմավարական գործընկեր լինելու ունակությունը: Ե՞րբ, եթե ոչ հիմա․ հապաղելն արդեն ուշ կլինի», – ասել է գեներալը: