Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հիմնական ջանքերը կենտրոնացած են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման վրա, առաջնահերթությունների թվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծումը, հայ- ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը, Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը:
«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը՝ առկա մանդատի և տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք հաշվառման հիման վրա։ Մենք կարծում ենք, որ «եռյակը» կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության բարձրացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը, ինչը նախադրյալ կծառայի արդեն քաղաքական խնդիրների քննարկումներին անցնելու համար»,- ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Հավաևը ներկայումս տարածաշրջանային այց է կատարում: Նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, նմանատիպ շփումներ կլինեն նաև Երևանում։