«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավիթ Գալստյանի՝ բոլորին հայտնի Պատրոն Դավոյի քրեական գործով, կարծես թե, ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել գործը սառեցնելու, քանի որ քաղաքական իշխանություններից հրահանգ ունեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գործով որեւէ քայլի չի գնում, քանի որ, բացի մատակարարողից՝ ի դեմս Դավիթ Գալստյանի, քրեական գործով անցնում են նաեւ ներկայիս ՊՆ պաշտոնատար անձինք՝ սկսած ԶՈՒ գլխավոր շտաբի Պետ Արտակ Դավթյանից, վերջացրած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ տիեզերքում արհեստական արբանյակ ունեցող պետություններից մեկի ներկայացուցիչները կապվել են հայաստանյան ընդդիմության որոշ շրջանակների հետ եւ առաջարկել նրանց՝ տրամադրել իրենց տրամադրության տակ եղած որոշ տեսագրություններ, որոնք առնչվում են Հայաստանին։ Դրանց մեջ է մասնավորապես 44-օրյա պատերազմի ողջ տեսագրությունը, որը դիտարկելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի մարտավարություն է իրականացրել Ադրբեջանն այդ 44 օրվա ընթացքում, եւ ինչպես է պարտվել Հայաստանը»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Վլադ Կիրակոսյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա Էրեբունիում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետը: Նույն աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունը եկել է համաձայնության Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, եւ վերջինս կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտն` այն պայմանով, որ վարչական շրջանների ղեկավարները կփոփոխվեն` ՔՊ-ական հավատարիմներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը եռօրյա արձակուրդի պատրվակով չայցելեց Արցախ՝ հոբելյանական 30-ամյակին․ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն արդարացրեց վարչապետին․ «Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն երկրորդ փորձից: Սեպտեմբերի 6-ին նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ եւս առաջադրվելու է Արթուր Ղազինյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին նշանակված Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները խոստանում են բավականին դրամատիկ լինել։ Ճիշտ է, իշխանություններին ընդդիմադիր Արա Զոհրաբյանն այս անգամ չի առաջադրվելու՝ օրենքը չի թույլատրում երրորդ անգամ առաջադրվել, սակայն պալատն իր թեկնածուն ունի՝ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայան։ Իշխանությունը, բնականաբար, դեմ է Բաբայանին եւ այս պահի դրությամբ մտադիր է անցկացնել Գեւորգ Գյոզալյանին, հնարավոր է մինչ ընտրությունները այլ թեկնածու առաջադրեն, որն ավելի մեծ շանսեր կունենա»։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Արցախի տարածքն օկուպացնելու մեջ առաջնային դեր խաղացած Թուրքիան է որոշելու այդ տարածքների վերաբնակեցման հարցը, եւ դա առաջին հերթին անելու է տարիների ընթացքում տարածաշրջանի տարբեր անկյուններում ձեւավորած ահաբեկչական ծայրահեղական զինված խմբավորումների միջոցով, որոնք պաշտոնական Անկարային դեռ երկար ժամանակ են պետք գալու տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս թափ հավաքող իր ծավալապաշտական գործողությունների համար»: