«Հայաստան» դաշինքն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուին չի փոխի։ Այս պաշտոնում դարձյալ առաջադրել են Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Սեպտեմբերի 6-ին նիստ կգումարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:
Հավելենք, օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Նրանք դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։
Հարցին՝ հնարավոր է, որ այս անգամ էլ իշխանական պատգամավորները կրկին չընտրեն ընդդիմության թեկնածուին, Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Մեր թեկնածուին չընտրելն իշխանության խնդիրն է, թող իրենք մտածեն։ Մեր թեկնածուին չենք փոխելու, այդ հարցում հաստատակամ ենք։ Համոզված ենք՝ Արթուր Ղազինյանի դերակատարությունը կլինի ի շահ ՀՀ-ի և Արցախի անվտանգության»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանի թեկնածությանը կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։
Նշենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողողովի նախագահի տեղակալի պաշտոնը հատկացված է հենց ընդդիմությանը։
Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը: