Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա, սակայն, նշեց, որ այս պահին որևէ աշխատանք չի ընթանում․ սպասում են Ադրբեջանի արձագանքին: Այս հարցում հայկական կողմը լիահույս է։
«Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծենք»,- եզրափակել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27 -ին Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրեց Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կարգավորման ծրագիրը, որը ենթադրում է հայ և ադրբեջանական զորքերի հայելային հեռացում և այնտեղ միջազգային դիտորդների տեղակայում Ռուսաստանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ երկրներից։