ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակը դեռ վատ է։
«Արմեն Չարչյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, ամեն օր ինսուլին է ստանում։ Նման պայմանները նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի են։ Այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ անազատության մեջ։ Քրեակատարողական հիմնարկում չեն կարող նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Մեզ համար անհասկանելի է, թե նման առողջական խնդիրների դեպքում ինչու են նրան հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխել»,- նկատեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել առողջական լուրջ խնդիրներով, մասնավորապես սրտի խնդիրներով, բարձր շաքար, բարձր ճնշում։
Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Սակայն, նորից էր կալանավորվել։ Հիշեցնենք նաև, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյանի» աշխատակիցների հետ Չարչյանի ժողովի ձայնագրությունը։